Հարգելի ուսանողներ, դասախոսներ և համալսարանի աշխատակիցներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վստահորեն է մտնում նոր, 2016 թվական, որի վկայությունն է անցած 2015 թվականը:
Անցած 2015 թվականը ծանր փորձաշրջան էր համալսարանի համար` լի վերելքներով և վայրէջքներով: Սակայն շնորհիվ իրենց վճռականության, իրատեսության, ապագայի նկատմամբ ունեցած ձգտումներով և հավատով, պոլիտեխնիկցիները պատվով հաղթահարեցին իրենց առջև ծառացած բոլոր խնդիրները և այժմ վստահ քայլերով առաջ են շարժվում:
2015 թվականին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն արժանացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի ինստիտուցիոնալ հավատարմագրմանը՝ 4 տարի ժամկետով: ՀԱՊՀ-ի «Ծրագրային ճարտարագիտություն» և «Տեղեկատվական անվտանգություն» բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերը գերմանական ASIIN գործակալության կողմից ստացել են միջազգային ծրագրային հավատարմագրում՝ մինչև 2020 թվականը:
Ամփոփելով անցած 2015 թվականի արդյունքները և ուրվագծելով ապագա նպատակները՝ ուզում եմ հատկապես նշել, որ ՀԱՊՀ-ն ուսանողները, դասախոսները և աշխատակիցներն են` իրենց հաջողություններով, ուրախություններով ու խնդիրներով: Համոզված եմ, որ մեր համալսարանը կզարգանա, երբ աճի կենսունակ ստեղծագործական բովանդակությունը, մեր ուսանողների, դասախոսների և աշխատակիցների էներգիան, տաղանդն ու ջանքերը լինեն պահանջարկված, և մենք բոլորս լծվենք համալսարանի ապագայի ստեղծմանը միտված հանրօգուտ գործին:
Ուզում եմ շնորհավորել համալսարանի բոլոր դասախոսների, վարչական աշխատողների և ուսանողների Ամանորը և Սուրբ Ծնունդը, ցանկանալ, որ ձգտումը, վճռականությունն ու հաջողությունը միշտ ուղեկցի բոլորին: Մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, երջանկություն և հաջող նոր տարի:
ՄԱՐԻՆԿԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՊՀ-ի Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական
աշխատանքների գծով պրոռեկտոր