Սիրելի պոլիտեխնիկցիներ, ավարտին է մոտենում 2015 թվականը, որը մեզ համար ամենից առաջ ստեղծագործելու և արարելու տարի էր:
Անցնող տարում բազմաբնույթ էին ծրագրերը, որոնք իրականացրեց Ուսանողական խորհուրդը: «Թռչկան» վրանային ինտելեկտուալ մրցույթ-փառատոնից մինչև «Պոլիտեխնիկական խաղեր» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոն: Առանձնահատուկ ոգևորությամբ աշխատեցինք ռազմահայրենասիրական թեմայով մի ծրագրի վրա, որ արդեն կյանքի ենք կոչելու 2016 թվականին: Ունեցանք հաղթանակներ միջհամալսարանական մրցույթներում, դարձանք հաղթող Հայ-ռուսական համալսարանի կողմից կազմակերպված միջհամալսարանական «Ունիվերսիադա» մրցույթ - փառատոնում:
Հարգելի ուսանողներ, մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով: Համոզված ենք, որ այն ուղեգիծը, որ միասին ենք նշել, ճիշտ է և բխում է մեր շահերից: Իհարկե, շտկելու շատ բան կա: Միասի՛ն ենք անելու:
Սիրելի՛ բարեկամներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ մեր մեծ ընտանիքին բեղմնավոր աշխատանք նոր տարում, պոլիտեխնիկցիներին՝ նվաճումներ գիտության, կրթության, բնագավառներում, իսկ յուրաքանչյուրիս ստեղծագործական նոր լիցքեր, առողջություն և երջանկություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ,
ՈւԽ նախագահ