Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի (ՄԱՏՈւԿ) դահլիճում օգոստոսի 4-ին տեղի ունեցավ ուսումնական սեմինար-վարժանք՝ նվիրված միջուկային և ռադիացիոն վթարների ժամանակ առաջացած խնդիրների հայտնաբերմանը և վերացմանը:
Միջոցառումը բացեց պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, ՄԱՏՈւԿ-ի տնօրեն Ոստանիկ Մարուխյանը: Նա ողջունեց և բարի գալուստ մաղթեց ԱՄՆ-ից ժամանած հյուրերին, ինչպես նաև ՀՀ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Իր խոսքում ռեկտոր Ո. Մարուխյանը հիշատակեց բարի ավանդույթ դարձած ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության ազգային ադմինիստրացիայի և Պոլիտեխնիկի 12-ամյա համագործակցությունը, որի արդյունքում ամեն տարի անցկացվում են նման սեմինար-վարժանքներ: «Ամերիկյան գործընկերների արդյունավետ համագործակցության շնորհիվ մեր համալսարանի Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում անցկացվում են բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտական կրթական ծրագրերով ուսուցման դասընթացներ, ինչպես նաև միջուկային անվտանգությանը նվիրված գիտական սեմինարներ և վարժանքներ», – ասաց Ո. Մարուխյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ ԱՄՆ-ի Էներգետիկայի պետդեպարտամենտի ներկայացուցիչ, գիտնական Մայքլ Մազուրը: Նա մանրամասնորեն ներկայացրեց ռադիացիոն աղբյուրների սպեկտրալ անալիզի համակարգչային կատարելագործված «SPARCS» համակարգը: Այն նախատեսված է տրանսպորտային տարբեր միջոցներում (ավտոմոբիլներ, նավեր, ինքնաթիռներ և այլն) ռադիացիայի հայտնաբերման և վնասազերծման համար: Համակարգը խիստ կարևոր է ազգաբնակչության անվտանգության ապահովման գործում:
Զեկուցումը լսվեց մեծ հետաքրքրությամբ: Հնչեցին հարցեր, որոնք ստացան իրենց պատասխանները:
Սեմինարին մասնակցում էին ՀՀ Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, «Տեխատոմէներգո», «Հայատոմ», «Հայաստանի ատոմական էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և ՀԱՊՀ-ի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Օգոստոսի 5-ին և 6-ին «SPARCS» համակարգի ընդլայնված ուսուցում» խորագրով սեմինար-վարժանքը իրականացվեց «դաշտային» ուսուցման ձևով, որի ընթացքում մասնակիցները և ամերիկյան կողմի ներկայացուցիչները, բաժանվելով 3 խմբերի, «SPARCS» համակարգի կիրառմամբ Երևանում և Մեծամորին հարակից շրջաններում որոշեցին ճառագայթային ֆոնը և ամփոփեցին ստացված արդյունքները: Օգոստոսի 7-ին ՀԱՊՀ-ի և ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության ազգային ադմինիստրացիայի համագործակցության շրջանակներում կնքվեց համաձայնագիր, ըստ որի 2 «SPARCS» համակարգեր փոխանցվեցին ՀԱՊՀ-ին երկարաժամկետ պահպանման համար: Սեմինարի մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ ամերիկյան կողմի ներկայացուցիչները՝ շնորհակալագրեր:
Օգոստոսի 7-ին սեմինար-վարժանքն ավարտեց իր աշխատանքը: