ՀԱՊՀ-ի մանկապարտեզում նոյեմբերի 10-ը և 12-ը տոնական օրեր էին։ Աշունը այցելել էր մանկապարտեզ: Դահլիճում են միջին խմբի սաները, սա նրանց առաջին հանդեսն է՝ նվիրված աշնանը: Հանդիսատեսի ծափողջույնների և դաշնակահարուհի Լիլիթ Վարդանյանի նվագի ներքո ավագ խմբի դաստիարակչուհի Մարուշ Հակոբյանի և միջին խմբի դաստիարակչուհի Հասմիկ Սարգսյանի ուղեկցությամբ դահլիճ են մտնում աշնանային գունեղ զգեստներ հագած փոքրիկները։ Ներկա էին բոլոր մրգերն ու բանջարեղենները՝ Տանձն ու Խնձորը, անուշաբույր Սերկևիլն ու Դեղձը, Գազարն ու Լոլիկը, Կաղամբն ու Սոխը, Նուռն ու Խաղողը… Մրգերն ու բանջարեղենները միմյանց գիտելիքները ստուգեցին՝ հանելուկների միջոցով: Երկու խումբն էլ փայլեց իր իմացությամբ: Երեխաներն աշնանային իրենց տոնին մասնակից դարձրին նաև մայրիկներին՝ ստուգելով բնության մասին նրանց գիտելիքները: Ապա հետևեց աշնանը նվիրված երգն ու ասմունքը:
Աշնանային տոնական տրամադրությունները զարգացրին ավագ նախապատրաստական խմբի սաները: Փոքրիկ դերասանները բեմադրեցին Հովհաննես Թումանյանի՝ բոլորին հայտնի մի քանի ստեղծագործություններ: Ներկաները հաճելիորեն զարմացած էին. երեխաները դրանք ներկայացրին բոլորովին նոր մեկնաբանությամբ: Հեքիաթների բոլոր գայլերն այդ օրը բարի էին և ընկերասեր: Ե՛վ «Գայլն ու յոթ ուլիկներ»-ի, և՛ «Երեք խոզուկներ»-ի, և՛ «Կարմիր գլխարկ»-ի գայլերը՝ մոռացած իրենց չարության և ախորժակի մասին, մյուս հերոսների հետ ուրախզվարթ ձեռք ձեռքի տված՝ երգում ու արտասանում էին աշնան մասին:
Մանկապարտեզի սաները բարձր տրամադրություն պարգևեցին ծնողներին: