«TEMPUS» նախագծի շրջանակներում ՀԱՊՀ-ն մասնակցում է «RETHiNK» (կրթական ռեֆորմ միջազգային գիտելիքների փոխանակման միջոցով) ծրագրին, որի հիմնական նպատակն է մագիստրանտների փոխանակում և երկակի դիպլոմի ստացում «Շրջակա միջավայրի պաշտպանություն» մասնագիտությամբ:
Ծրագրին մասնակցում են Պորտուգալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր համալսարաններ:
Ծրագրի աշխատանքային պլանի համաձայն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը պայմանագիր է կնքել Իսպանիայի Կոռունիայի համալսարանի և Պորտուգալիայի Լեիրիայի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ: Առաջին պայմանագիրը վերաբերում է քիմիական, երկրորդը՝ էներգետիկայի ոլորտին:
Աշխատանքներին մասնակցել է Հայաստանում «ERASMUS+» ծրագրերի համակարգող Լանա Կառլովան։
Կոռունիայի համալսարանի հետ ՀԱՊՀ-ն նաև կնքել է պայմանագիր՝ դասախոսների փոխանակման, համատեղ գիտական և ուսումնական աշխատանքների կատարման ուղղությամբ:
Մեկ մագիստրանտ այժմ 2-րդ տարվա ուսումը շարունակում է Կոռունիայի համալսարանում:
«RETHINK» ծրագիրը հնարավորություն ստեղծեց համալսարանում ձևավորել համակարգչային լսարան, որտեղ ներկայումս տեղադրված են 10 համակարգիչներ:
Ս.թ. նոյեմբերի 9-ից 13-ը ծրագրի գործընկեր երկրների ներկայացուցիչները հերթական հանդիպումը անցկացրին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:
Ծանոթանալով համալսարանում տարվող աշխատանքներին, ծրագրի գլխավոր կոորդինատորները մեծ գոհունակությամբ նշեցին համալսարանի հաջողությունները։ Այդ պատճառով առաջարկվեց հանդիպում կազմակերպել Երևանի տարբեր համալսարանների ուսանողության հետ՝ նրանց ծանոթացնելու ծրագրի նպատակին և առաջացած խնդիրների լուծման ուղիներին: Նման հանդիպում կազմակերպվեց նաև Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանում:
ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ