Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է․ ՀԱՊՀ-ի նոր խորհրդանիշի մրցույթ։ Մրցույթի կազմակերպման համար ՀԱՊՀ-ի ռեկտորի 24.11.2015թ. հ.01-03/536 հրամանով ստեղծվել է հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահը պրոռեկտոր Ա.Գրիգորյանն է, քարտուղարը՝ ռեկտորի օգնական Կ. Կոգարովը։
Հանձնաժողովը սահմանում է խորհրդանիշի ընտրման մրցույթի պայմանները և մրցույթի գործընթացը կազմակերպում դրանց համապատասխան: Մրցույթին ներկայացված հայտերը կքննարկվեն հանձնաժողովի նիստում։
ՀԱՊՀ-ի նոր խորհրդանիշի մշակման մրցույթի պայմաններն են.
ՀԱՊՀ-ի խորհրդանիշը պետք է համահունչ լինի համալսարանի առաքելությանը:
Խորհրդանիշի վրա պետք է գրված լինի համալսարանի անունը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և/կամ հապավումը՝ ՀԱՊՀ:
Նախընտրելի է, որ նշվի հիմնադրման տարեթիվը՝ 1933թ.:
Մրցույթին ներկայացվող խորհրդանիշի էսքիզը պետք է լինի 2 տարբերակով՝ գունավոր և սև-սպիտակ: Դրանք պետք է մրցույթին ներկայացվեն A4 չափի թղթերի վրա՝ 10×10սմ և 2×2սմ չափերի մեջ, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակներով՝ .jpeg և .pdf ձևաչափերով՝ CD կրիչով: Ներկայացված թղթերը ստորագրում է/են հեղինակը/հեղինակները՝ նշելով անունը և ազգանունը:
Խորհրդանիշի էսքիզներին կից պետք է ներկայացվի հեղինակի/հեղինակների մեկնաբանությունը (բովանդակային նկարագրությունը) 1 էջի սահմաններում:
Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է ամփոփվեն ծրարում, որի վրա նշվում է մրցույթի անունը, հեղինակի/հեղինակների անունը, ազգանունը, հայրանունը, փոստային և էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները:
Մրցույթի հաղթողի համար սահմանվում է պարգևավճար (մրցանակ)՝ 150.000 դրամ:
Մրցույթի հաղթողի հետ ստորագրվում է պայմանագիր էսքիզը լրամշակելու և պարգևավճարը ստանալու պայմանների մասին:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև 2016թ. հունվարի 15-ը:
Մրցութային նյութերը (փակ ծրարը) անհրաժեշտ է մինչև 2015թ. դեկտեմբերի 25-ի ժամը 16:00-ը հանձնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդհանուր բաժին (Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ):
ՀԱՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԱՏ