Օրերս կյանքից հեռացավ լավագույն գործընկեր ու սիրված դասախոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Վիգեն Ժորայի Արծրունին:
Վիգեն Արծրունին յուրահատուկ խառնվածքի տեր անհատականություն էր, որի մեջ միահյուսված էին մարդկային շատ վառ գծեր՝ չափավորություն, շրջահայացություն, վատի նկատմամբ անհանդուրժողականություն և դրա հետ միասին կամեցողություն, ընկերասիրություն, հարգանք շրջապատի և ուսանողի նկատմամբ: Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ մանկավարժական աշխատանքին, նա որպես դասախոս մնաց պահանջկոտ ու բարի:
Վիգեն Արծրունին ծնվել է 1940թ. հոկտեմբերի 10-ին, Երևանում: 1958-ից 1963-ը սովորել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի Քիմիական ֆակուլտետում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի Կաբելային արտադրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ-քիմիկոս: 1964-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան, որն ավարտել է 1970թ-ին՝ «Անալիտիկ քիմիա» մասնագիտությամբ: 1970թ. փետրվարից աշխատում էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետի «Անալիտիկ քիմիա», իսկ հետագայում որպես դոցենտ` «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնում:
Վիգեն Արծրունու գիտական հետազոտությունները վերաբերում են վերլուծական քիմիային: Ունի մի շարք գիտական հոդվածներ:
Ցավոք, այսօր նա մեզ հետ չէ: Ընդհատվեց ևս մարդկային կարճատև մի կյանք՝ թողնելով բարի և լուսավոր հիշատակ գործընկերների և ուսանողության շրջանում։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ
ՔԻՄԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ
ԱՄԲԻՈՆ