Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը անդառնալի կորուստ ունեցավ: Շուրջ մեկ տարի նենգ հիվանդության դեմ պայքարելուց հետո երիտասարդ տարիքում 2015 թ. մայիսին կյանքին հրաժեշտ տվեց մեր շատ սիրելի գործընկեր և ընկեր՝ Կապի համակարգերի ամբիոնի դասախոս Մարինե Հարությունի Զաբունյանը: Մարինեի ուսանողական կյանքը և ողջ աշխատանքային գործունեությունը անցել է հարազատ Պոլիտեխնիկում:
Մ. Զաբունյանը ծնվել է 1962 թ. հունիսի 29-ին, Երևանում՝ մտավորականի ընտանիքում: 1979 թ. ավարտել է Երևանի թիվ 138 միջնակարգ դպրոցը և նույն տարի ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը: 1982 - 1984 թթ. սովորել և ավարտել է ԵրՊԻ-ի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը` ստանալով տեխնիկական թարգմանչի որակավորում (անգլերեն): Մայրենի լեզվի կատարյալ իմացությունը զուգորդվում էր ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետմամբ: 1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵրՊԻ-ի Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը «ԷՀԱ-ի կոնստրուկտավորում և արտադրություն» մասնագիտությամբ` ստանալով ինժեներ - կոնստրուկտոր - տեխնոլոգի որակավորում: 1987 թ. ընդունվել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրա, որն ավարտել է 1991-ին: Մութ ու ցուրտ տարիները խանգարեցին Մարինեին ավարտին հասցնել թեկնածուական ատենախոսությունը, սակայն նա հաջողությամբ պաշտպանեց կյանքի կարևորագույն «ատենախոսությունը»` մեր հայրենիքին պարգևելով երեք հրաշալի զավակ` երկու դուստր և մեկ որդի, որոնցով բոլորս այսօր հպարտանում ենք: Ասպիրանտական ուսումնառությանը զուգահեռ մինչև 1999 թ. աշխատել է Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում` «ԷՀՄ կոնստրուկտավորում և արտադրություն» ամբիոնում որպես ասիստենտ:
Մարինեն 2000 թվականից աշխատում էր Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի «Կապի համակարգեր» ամբիոնում` որպես դասախոս: Նա հեղինակ է շուրջ 15 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների: Մարինեն անմնացորդ նվիրվում էր իրեն շատ սիրող և գնահատող ուսանողներին և գործընկերներին` փոխանցելով իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները, վայելում էր ողջ անձնակազմի սերն ու հարգանքը:
Չափազանց դժվար է խոսել Մարինեի մասին անցյալ ժամանակով: Դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի համակերպվելու այն մտքին, որ նա այլևս մեզ հետ չէ: Խորը ցավով ենք հիշելու այն պահերը, երբ Մարինեն լույս և ջերմություն ճառագելով, իր բարի ու անկեղծ ժպիտով ամբիոն էր մտնում, հույսով և բարությամբ լցնում բոլորիս սրտերը: Նա այն եզակի անձնավորություններից էր, ով սրտանց ուրախանում էր իրեն շրջապատող մարդկանց հաջողություններով և ձեռքբերումներով ու կիսում էր նրանց դժվարությունները և տխրությունները: Նա միշտ այնտեղ էր, որտեղ իր աջակցության կարիքն էին զգում: Մարինեն օգնության ձեռք էր մեկնում թե՛ ընկերներին և ազգականներին, թե՛ գործընկերներին և ուսանողներին: Նա պայծառ անհատականություն էր և հայուհու վառ կերպար՝ անձնվեր մայր, սիրող և հոգատար կին, քնքուշ քույր և հավատարիմ ընկեր:
Մարինեի կորուստը բոլորիս վիշտն է: Մենք նրա ընտանիքի և հարազատների կողքին ենք` նրանց առողջություն, ուժ ու տոկունություն ենք ցանկանում: Նա լուսավոր ու խորը հետք թողեց երկրի վրա իր պարկեշտությամբ և առաքինությամբ ու գնաց դեպի հավերժը` որպես պայծառ աստղ: Նա միշտ կապրի մեր սրտերում ու հիշողություններում: Հիշատակդ հավերժ վա՛ռ, մեր շատ սիրելի ընկեր:
ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
ԱՄԲԻՈՆ