Հարգելի պոլիտեխնիկցինե՛ր, խոր վշտով հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի շրջանավարտների և բարեկամների Լոս Անջելեսի միության հիմնադիրնախագահ, Պոլիտեխնիկի մեծ բարեկամ և նվիրյալ, մեր համալսարանի Պատվավոր պրոֆեսոր Հարութ Պարսամյանը:
Հ. Պարսամյանը ծնվել է Հալեպում, ապրել Բեյրութում: Հայրենադարձների առաջին խմբերի հետ, թողնելով Բեյրութում տուն ու տեղ, մեծ կարողություն, եկել են հայրենի երկիր` Հայաստան: Այստեղ բարձր առաջադիմությամբ ավարտելով Երևանի Շիրվանզադեի անվան դպրոցը, ընդունվել է ԵրՊԻ-ի Մեքենաշինության ֆակուլտետ: Համառ էր ու աշխատասեր, և շատ չանցած` դարձավ կուրսի և դասախոսների սիրելին: Գերազանց էր սովորում և գերազանցությամբ էլ 1956-ին ավարտում է ինստիտուտը: Ուսանել է նաև ՍՍՀՄ ԳԱ Մոսկվայի Ճշգրիտ մեխանիկայի և համակարգչային տեխնոլոգիաների ինստիտուտի ասպիրանտուրայում: Թե՛ այդ և թե՛ աշխատանքային գործունեության հետագա տարիներին նա աշխատում էր կատարել բարձրակարգ մասնագետի, ազնիվ և ուժեղ մտավորականի իր առաքելությունը: Կարևորագույն դերակատարություն է ունեցել առաջին սերնդի հայկական «Հրազդան», «Էներգետիկ-1» և «ԵրՊԻ-1» հաշվողական մեքենաների նախագծման և գործարկման ծրագրերի իրականացման շնորհակալ գործում: Պոլիտեխնիկական և Գյուղատնտեսական ինստիտուտներում դասավանդել է ժամանակի մի շարք առաջավոր, բարձր տեխնոլոգիական ուղղվածության դասընթացներ՝ համակարգչային տրամաբանություն, կիբեռնետիկա և էլեկտրոնիկա:
1966 թվականից ի վեր, Հ. Պարսամյանը իր գործունեությունը հաջողությամբ շարունակել է ԱՄՆ-ում: Նա կարողացավ խորանալ մասնագիտության մեջ` գլխավոր ճարտարագետից դառնալով հետազոտական լաբորատորիայի տնօրեն, կարևոր նշանակության տարբեր ծրագրերի ղեկավար: Նա աշխատել է ամերիկյան մի շարք առաջատար ընկերություններում` իր ծանրակշիռ լուման ներդնելով նոր սերնդի համակարգչային տեխնիկայի զարգացման պատասխանատու և պատվաբեր գործում: Միջազգային ճանաչման հասած գիտնականը 1985-ից Կալիֆորնիայի Իրվայնի համալսարանի պրոֆեսոր էր, պահանջարկված խորհրդատու:
Մեծ են տարիների նրա ձեռքբերումները և դրանց արժանի գնահատանքը` կոչումներն ու մրցանակները: Հարութ Պարսամյանը արժանացել է մի շարք պարգևների՝ «Կալիֆորնիայի ՈՎ-ՈՎ է և Ոսկե նահանգ» մրցանակ (1998թ.), «Գովասանքի արժանի ծառայություն մրցանակ», IEEE համակարգչային հասարակություն (1990թ.), «Պարգևատրված անդամ» ՈՎ-ՈՎ է համակարգչային ինդուստրիա (1991թ.), «Ոսկե կորիզ» IEEE համակարգչային հասարակություն (1996թ.), «Հոբելյանական մեդալ», Ճարտարագիտական միջազգային ակադեմիա (1999թ.): Իր երկարամյա բարեսիրական գործունեության համար 2011թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ձեռամբ արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո Ս. Աթոռի «Կիլիկեան Իշխան»ի շքանշանին:
Հարազատ բուհի` Պոլիտեխնիկի նկատմամբ ունեցած սերն ու պարտքի զգացումն էր թերևս պատճառը, որ նա օտար ափերում կարողացավ համախմբել Պոլիտեխնիկի տարբեր տարիների շրջանավարտներին` ստեղծելով կուռ ու միասնական մի կառույց` Պոլիտեխնիկի շրջանավարտների Լոս Անջելեսի միությունը: Հարութ Պարսամյանն ու նորաստեղծ միությունը, հաստատելով ամուր կապեր հարազատ բուհի հետ, իրականացրեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք առանձնանում էին նպատակաուղղված արդյունավետությամբ:
Հատկապես մեծ է Պարսամյանի դերը Պոլիտեխնիկի համար անցումային, ծանրագույն 90-ականներին հարազատ կրթօջախի առջև ծառացած մի շարք կենսախնդիրների լուծման հարցերում ամերիկաբնակ ոչ պոլիտեխնիկցի բարերարների բացահայտման և ներգրավման շնորհակալ գործում: Նույնիսկ առողջական լուրջ պրոբլեմներով լի կյանքի վերջին տարիներին, գտնվելով հայրենիքից հեռու, նա չկորցրեց իր հետաքրքրությունը Պոլիտեխնիկի նկատմամբ, փորձելով ուժերի ներածին չափով շարունակել օգտակար լինել նրա հոգսերի հաղթահարման գործում: Ի պատասխան՝ Պոլիտեխնիկը միշտ խորը երախտագիտությամբ է ընդունել Հ. Պարսամյանի բարեգործական ջանքերը և հավուր պատշաճի արժևորել նրա համալսարանանվեր գործունեությունը` արժանացնելով նրան տարբեր մեծարանքների: Նրան շնորհվել է ՀՊՃՀ Պատվավոր պրոֆեսորի կոչում (2000թ.), հռչակվել է ՀՊՃՀ «Տարվա շրջանավարտ» անվանակարգի հաղթող (2003թ.), արժանացել է ՀՊՃՀ Ոսկե հուշամեդալի (2003թ.):
ՀԱՊՀ-ից մեր վիշտն ու խորը ցավակցությունն ենք հայտնում Հարութ Պարսամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու բարեկամներին, ինչպես նաև ամերիկաբնակ պոլիտեխնիկական համայնքի բոլոր անդամներին և համակիրներին, ու հավաստում, որ արժանավոր և նվիրյալ պոլիտեխնիկցի Հ. Պարսամյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: