Օգոստոսի 18-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, պրոռեկտոր, պրոֆեսոր Մարինկա Բաղդասարյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը աշխատանքային այցով եղան ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում:
ՀԱՊՀ ղեկավարներն ծանոթացան Վանաձորի մասնաճյուղի տեխնոլոգիական կենտրոնի կառուցման աշխատանքներին:
Այցելեցին նորաստեղծ ժամանակակից համակարգչային տեխնիկայով զինված ռոբոտաշինության լսարան: Այն ստեղծվել է մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտների ողջունելի նախաձեռնությամբ, ովքեր հիմնել են աշակերտական հասարակական կազմակերպություն՝ «Հզոր Պոլիտեխնիկ», որի աշխատանքը համակարգում է մասնաճյուղի համակարգչային լաբորատորիայի վարիչ Արաքսյա Բալյանը: Աշակերտուհի Մարգարիտա Մարուքյանը ներկայացրեց իրենց աշակերտական հասարակական կազմակերպության կատարած աշխատանքները, որի արդյունքում վերանորոգվել է այդ լսարանը, իսկ համակարգչային տեխնիկան և գույքը նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: ՀԱՊՀ ղեկավարներն այցելեցին նաև մասնաճյուղի «Որակի ապահովման և վերահսկման», «Արտաքին կապերի և ուսանողական կարիերայի» բաժիններ, էլեկտրոնային ընթերցասրահ, անգլախոսների ակումբ, դեկանատներ, «Արդիական, միասնական Պոլիտեխնիկ» դրամաշնորհի շրջանակներում ստեղծված «Մեքենագիտության և էլեկտրատեխնիկայի» լաբորատորիա, Ուսխորհուրդ և այլն:
Հարութ Պրոնոզյանի անվան տեխնոլոգիական կարողություններով լսարանում տեղի ունեցավ հանդիպում՝ գիտական խորհրդի անդամ դասախոսների և ուսանողների հետ: Գիտխորհրդի անդամները ջերմորեն շնորհավորեցին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանին, ինչպես նաև պրոռեկտոր, պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանին և ռեկտորի տեղակալ Գ.Պ. Վարդանյանին: Պրոֆեսոր Մարուխյանը հանգամանալից զրույց ունեցավ մասնաճյուղի Գիտխորհրդի անդամների հետ և ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ու նրա մասնաճյուղերի զարգացման տեսլականը, ապագա ծրագրերը, խնդիրները: Ո. Մարուխյանը, կարևորելով ՀԱՊՀ-ի ուրույն դերակատարությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում, նշեց. «Ներկա ժամանակահատվածում միջազգային չափանիշներին ձգտող մասնագիտական կրթության համակարգի առջև հառած մարտահրավերներն անվերապահորեն դնում են կրթության որակի և բովանդակության արդիականացման խնդիր, որի իրականացման արդյունքում միայն հնարավոր կդառնա այնպիսի մասնագետի պատրաստումը, ով մրցունակ կլինի աշխատանքի շուկայում, կկողմնորոշվի իր գործունեությանը հարակից ոլորտներում, կկարողանա արդյունավետ աշխատել իր մասնագիտությամբ, մշտապես կձգտի մասնագիտական անընդհատ աճի, պատրաստ կլինի սոցիալական և մասնագիտական ճկունության (շարժունակության): Նշվածի համատեքստում Համալսարանի համար առաջնահերթ նպատակային նշանակություն է ստանում ուսումնառության հստակ կազմակերպումը և ուսուցման որակի անհրաժեշտ մակարդակի ապահովումը»:
Ելույթ ունեցան նաև պրոռեկտոր, պրոֆեսոր Մ.Ք.Բաղդասարյանը, ռեկտորի տեղակալ Գ.Պ.Վարդանյանը: Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում: